Դարաայում և մերձակա գյուղերում հուլիսի 17-ին թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը կանխել է զինյալների մուտքը Բուսար, Սարայա, Ֆակիա գյուղեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Հալեպում և մերձակա գյուղերում չեն դադարում բախումները: Բանակը Ռազմուսիե, Բուսթան Բաշա, Թել Ջաբին, Մրջի և այլ թաղամասերում զինյալների թաքստոցներ է հայտնաբերել և ոչնչացրել: Ընդդիմադիր աղբյուրներն իրենց հերթին տեղեկացնում են, որ կանխվել է կառավարական ուժերի մուտքը Հալեպի Սալահ ադ Դին թաղամասի Խադիա շրջան, որը գտնվում է զինյալների հսկողության տակ: Բախումների ժամանակ կառավարական ուժերի զինվորներ են զոհվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Կալամուն շրջանում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է Հըզբոլլահի ղեկավարներից Մուհամմադ Բասսա Տաբաջան: Զոհվել են նաև Հըզբոլլայի տասնյակ անդամներ: Աղբյուրի փոխանցմամբ, Մարդու իրավուքնների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով հուլիսի 16-ին Սիրիայում 54 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 երեխա: Զինյալները կանխել են կառավարական ուժերի մուտքը Հալեպի Սալահ ադ Դին թաղամասի Խադիա շրջան, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: