Լիբանանի Ռաս Բաալբաք բնակավայրի Թել Համրա շրջանում հունվարի 23-ին թեժ բախումներ են սկսվել լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև: Բանակն ամրապնդել է իր դիրքերը շրջանում և ռմբակոծում է զինյալների դիրքերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, տեղեկություններ են ստացվել, որ բանակին հաջողվել է կասեցնել հարյուրավոր զինյալների հարձակումը՝ մեծ վնասներ պատճառելով նրանց:

 

Լիբանանի ազգային լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ բանակի և զինված խմբավորումների միջև բախումների հետևանքով լիբանանյան բանակի 2 զինծառայող են զոհվել, վիրավորվել են ևս 7-ը:

 

Զինյալների շարքերում գրանցվել է 4 զոհ:

 

Բախումները շարունակվում են:

 

Տեղեկություններ են ստացվել, որ սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ շրջանում հունվարի 23-ի գիշերը թեժ բախումներ են ընթացել «Իսլամական պետության» և Սիրիայի ազատ բանակի միջև: Բախումներն սկսվել են Շաֆակ թաղամասում: Բախումների հետևանքով վիրավորներ են գրանցվել, դրանց թվի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում լիբանանյան բանակը Արսալ շրջանում պայթուցիկ սարքավորումներ էր հայտնաբերել և վնասազերծել: