Լիբանանյան բանակը կանխել է «Ջաբհա ան Նուսրա» ահաբկչական խմբավորման ներխուժումը սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Ռաս Բաալբաք շրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբեկիչները փորձել են Ռաս Բաալբաք մտնել Ջուրուդ Արսալ շրջանից, նախորդ գիշեր թեժ մարտեր են ընթացել Ռաս Բաալբաքի Սերջ ադ Դիբս շրջանում:
Լիբանանյան «Ան Նուր» ռադիոն տեղեկացրել է, որ բանակը Ռաս Բաալբաք նոր ուժեր է ուղարկել ահաբեկիչների դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ լիբանանյան բանակը Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքար շրջանում 3 ահաբեկիչներ է ձերբակալել: Նրանք մեղադրվել են բանակի վրա կրակ բացելու և հարձակումներ իրականացնելու մեջ:
Ռաս Բաալաբաքում բնակվում են մեծամասամբ քրիստոնյաներ և այն դեկտեմբերի 2-ից ռազմական գործողությունների գոտի է հայտարարվել: Ռաս Բաալաբաքը գտնվում է Բեյրութից 95 կմ դեպի հյուսիս: