Լիբանանյան բանակը 72 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևելքում գտնվող Արսալի շրջանում ավելի քան 50 զինյալների է ոչնչացրել, այդ թվում' խմբավորման ղեկավարներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ձերբակալվել են 140 զինյալներ, որոնցից 35-ը խոստովանել են, որ մասնակցել են բախումներին: Լիբանանյան բանակի շուրջ 5 հազար զինվորներ շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել երկրի հյուսիսում գտնվող Բեքաա և Արսալ շրջաններում: Բանակի գործողություններին աջակցում են լիբանանյան օդային ուժերը:

 

Լիբանանյան բանակի ղեկավարությունը նախորդ շաբաթվա վերջին տեղեկացրել էր, որ բանակը տարածվել է Արսալի շրջանում և կպայքարի ահաբեկչության դեմ: Ղեկավարությունը նաև նշել էր, որ բանակը չի հանդուրժի որևէ ահաբեկչություն և կպայքարի նրանց դեմ' որտեղ էլ լինեն:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը գնդակահարել է իր մոտ գտնվող լիբանանցի Մուհամմադ Համի անունով զինվորին: