Իրաքում ականապատ մեքենաների պայթյունից 6 տասնյակ մարդ է տուժել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 5 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել: Սա Քիրքուք քաղաքում առաջին ահաբեկչությունն է այն բանից հետո, երբ քրդական անվտանգության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքը:

 

Բացի այդ, մայրաքաղաք Բաղդադի հարավում գտնվող Մահմուդիա գյուղաքաղաքում իրաքյան ուժերի ռմբակոծության հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Սալահ ադ Դին մարզում Իրաքի կառավարական ուժերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման տասնյակ անդամների են սպանել, այդ թվում՝ խմբավորման ղեկավարին: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Բայջի քաղաքում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ և արդյունքում տասնակ զինյալներ են սպանվել: 48 ժամվա ընթացքում օդային ռմբակոծության հետևանքով զոհվել է 112 մարդ և վիրավորվել 72-ը:

 

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Անբարի մարզի արևմուտքում իրաքյան ուժերը ցեղախմբերի հետ համգործակցությամբ սպանել էեն ԻԼԻՊ-ի ղեկավարներից մեկին և նրա 4 օգնականներին:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ մոտ 20 օրվա բախումների հետևանքով զոհվել է ավելի քան հազար խաղաղ բնակիչ: Խաղաղ բնակիչների մեծամասնությունը սպանվել է Իրաքի հյուսիսում, որտեղ վերահսկողություն են հաստատել ծայրահեղականները: Նշված ժամանակահատվածում ևս 318 մարդ սպանվել և 590 վիրավորվել է Բաղդադում և հարավային շրջաններում ականապատ նվազագույնը 6 մեքենաների պայթյունների հետևանքով:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորման հունիսի 10-ից սկսած լայնածավալ գործողությունների պատճառով: Գրոհայիններն ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻՊ խմբավորման անդամների դեմ: