Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցից մահացել է 121 մարդ, 28 հոգի վիրավորվել է եւ հիվանդանոցներում է։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են տեղի ոստիկանությունում։

Պատահարի վայրում, որտեղ երեքշաբթի քարոզիչ Բհոլե Բաբայի հետ հանդիպման էր եկել 50 հազար մարդ, աշխատում են քրեագետները եւ դատական փորձագետները։ Գործ է հարուցվել միջոցառման կազմակերպիչների դեմ։ Խուզարկություն է կատարվել Ռամ Կուտիրի բարեգործական հիմնադրամում եւ նրա տանը։

Հրմշտոցն սկսվել է, երբ Բաբան հեռացել է հավաքից։ Մարդիկ հետեւել են նրան, որպեսզի դիպչեն նրա ոտքերին։ Նրանցից շատերն ընկել են գետնին։ Քարոզչի պահապանները փակել են միջոցառման հրապարակի ելքը, մինչեւ որ նրա մեքենան հեռացել է։ Այդ ընթացքում գետնին ընկած մարդիկ ոտնատակ են եղել։

Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթհը կարգադրել է հետաքննություն իրականացնել, որպեսզի պարզվի, թե արդյոք սա «դժբախտ պառահար էր, թե դավադրություն»։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների եւ տուժածների ընտանիքներին եւ հայտնել է, որ տուժածներին դրամական փոխհատուցում կտրամադրվի։