Սիրիական բանակը ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ Հասաքեի մարզում «Իսլամական պետության» ավելի քան 50 ահաբեկիչների է ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հարձակումներն իրականացվել են Շաբիբ և Բաբ ալ Խեյր գյուղերի ԻՊ-ի հավաքատեղիների վրա: Բացի այդ, բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը Թել Ղազալ շրջանի վրա: Այն գտնվում է Ղամիշլի քաղաքից 45 կմ հեռավորության վրա: Բախումների ժամանակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Մյուս կողմից' սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը Դարաայում և Կունեյտրայի գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների թաքստոցներ է ոչնչացրել: Դարաայի հյուսիսում գտնվող Օթման գյուղաքաղաքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:
Աղբյուրի տեղեկացմամբ, Դամասկոսի բնակելի Աշ Ուրուր թաղամասում դեկտեմբերի 23-ին պայթուցիկ սարքավորում է պայթել: Ոստիկանության տվյալներով պայթյունի հետևանքով 2 խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ավելի քան 3.5 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ: