Սիրիական բանակը կանխել է զինյալների մուտքը Թուրքիայի տարածքից Քեսաբի շրջան: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բանակը թեժ մարտեր է վարում Սամրայի շրջանում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, զինյալների դեմ բախումները շարունակվում են Հալեպի որոշ թաղամասերում և գյուղերում: Սինաիա քաղաքում բանակը հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա՝ մեծ վնասներ հասցնելով նրանց: Տասնյակ զինյալներ են սպանվել են Հանանու, Քուիրս, Ռասմ ալ Աբուդ, Ժդիյդե, Խան ալ Ասլ շրջաններում:
Դարաայի շրջանում՝ Յարմուք դպրոցի հյուսիսում, բանակը ոչնչացրել է զինյալների կողմից փորված թունելը, որի հետևանքով տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են: Հոմսի շրջանում, մասնավորապես Թադլու, Քաֆրլահա, ինչպես նաև Հուլայի Նասիրիա, Մասալիլ շրջաններում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:
«Ալ Ջազրիա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսում և մերձակա գյուղերում նախօրեին 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա: Աղբյուրի տեղեկացմամբ, բանակը ռմբակոծել է Մլիհեի և Քաֆրբտանայի միջև գտնվող Բասաթին շրջանը, ինչպես նաև Զաբադանին և Ջաբալ Շարկան: Մյուս կողմից' պայթյունները ցնցել են նաև պաղեստինցիների Յարմուք ճամբարը:
Համայում Սիրիայի ազատ բանակի և սիրիական բանակի միջև բախումների ժամանակ 20 զինծառայողներ են զոհվել, ավելի քան 100-ը' վիրավորվել: Բախումներն ընթացել են Թել աբդ ալ Ազիզ գյուղում:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: