Սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Քեսաբի մերձակա շրջանները և հարձակում իրականցնել Թել Այն Նասր շրջանի վրա: Ինչպես հաղորդում է լիբանանյան «ալ Մայադին» կայքը, Քեսաբում շրջափակված բնակիչների հետ կապն ընդհատվել է:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, բանակը մարտի 31-ին լիակատար վերահսկողություն էր հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 45-րդ ռազմակետի վրա: Բանակը Նաբա ալ Մար ճանապարհին ոչնչացրել է զինյալներին պատկանող զենքերով լի 6 մեքենա:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները մարտի 31-ին ռմբակոծել են Ջաբալայի մոտ գտնվող «Համիմիմ» օդանավակայանը, որը կառավարական ուժերն օգտագործում են ռազմական նպատակներով: Աղբյուրի տեղեկացմամբ, օդանավակայանը փակվել է, բացի այդ, բանակը փակել է օդանավակայան տանող բոլոր ճանապարհները:
Զինված խմբավորումները մարտի 21-ին հարձակվել էին Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանի վրա և հսկողություն հաստատել Քեսաբ գյուղաքաղաքի, Սամրա գյուղի, 45-րդ ռազմակետի և շրջակա տարածքների վրա: