Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի շրջանում գտնվող Ջաբալ Նասրի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը: Սիրիայի բանակը ազգային ուժերի հետ միասին հարձակումներ է իրականացնում նաև Չալմա լեռան շրջակայքում: Բանակի հրետանային հարձակումներն ուղղված են նաև Սալմայ ում զինյալների զենքերի պահեստների վրա: Ռմբակոծության արդյունքում 6 զինյալներ են զոհվել, ևս 11-ը վիրավորվել է:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները Լաթաքիայի հյուսիսում գտնվող Չալմայի բարձունքի մոտ ոչնչացրել են սիրիական բանակին պատկանող զենքերը, այդ թվում՝ մեկ տանկ:

 

Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:

 

Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին: