Լաթաքիայի Ջաբլա շրջանի մերձակայքում ապրիլի 14-ին մի քանի հրթիռ է ընկել: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են: Բացի այդ, մի քանի հրթիռ է ընկել Կարդահա շրջանում' առանց վնաս պատճառելու:
Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բախումները շարունակվում են Քեսաբի շրջանում, մասնավորապես՝ 45-րդ բարձունքից մինչ Խարբա Սուլաս ընկած տարածքում, որը գտնվում է Մշկիյթա և Բահլուլիա շրջանների մերձակայքում: Սիրիական բանակի գործողությունները այսօր և երեկ նաև կենտրոնացել են Սալիդրին գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև Նաբիին և Սամրա շրջաններ:
«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Լաթաքիայի շրջանի Քեսաբի գյուղաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Նաբիին շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել:
Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի շրջանի Քեսաբ գյուղաքաղաքի արևմտյան հատվածում գտնվող Չալմա լեռան Ջաբալ Սալ Ռադին գագաթի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: