Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև շարունակվում են բախումները Քեսաբում, մասնավորապես՝ 45 բարձունքի շրջակայքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Բանակը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ օդային հարձակումներ իրականացնելով զինյալների հավաքատեղիների վրա: Բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել:

 

Սիրիական բանակի գործողությունները վերջին մի քանի օրերին կենտրոնացել են Սլտրան գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև դեպի Էքիզօլուք և Սամրայի շրջաններ: Տեղեկություններ կան, որ Քեսաբի մերձակայքում 23 զինյալ են սպանվել, ևս 38-ը վիրավորվել են: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակն այժմ ռմբակոծում է Քեսաբ գյուղաքաղաքում զինյալների հավաքատեղիները:

 

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Քեսաբից 3 կմ հեռավորության վրա գտնվող Չալմայի լեռան մոտ բախումների ժամանակ տասնյակ զոհեր և վիրավորներ են գրանցվել: Սիրիական օդաուժը ռմբակոծում է Լաթաքիայի Մաշրիֆա և Կարդահա գյուղերում զինյալների հավաքատեղիները:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել < i>կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: