Սիրիական բանակը զգալի առաջխաղացում է արձանագրել Քեսաբի մատույցներում՝ հսկողություն հաստատելով Թուրքիայի հետ սահմանային Գարատուրանի ոստիկանատան վրա: Այդպիսով բանակը զինյալների առջև փակել է դեպի Քեսաբ տանող ծովային միակ ճանապարհը: Սիրիական բանակն ապրիլի 28-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի 45-րդ բարձունքի հյուսիսում գտնվող 724-րդ բարձունքի վրա, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Տեղի ունեցած մարտերում զինյալները խոշոր վնասներ են կրել:

 

«Լաթաքիայի տեղեկատվական ցանցը» տեղեկացնում է, որ թեժ մարտեր են ընթանում նաև Ջաբալ Զահիայի շրջանում, ինչպես նաև Սամրա և Նաբիին շրջաններում: Տեղի ուենցած մարտերի արդյունքում տասնյակ զինյալներ փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

 

Լաթաքիայից Կարո Մանճիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սբ. Աստվածածին եկեղեցում ապաստան գտած հայերի վիճակը մխիթարական է, փորձում են հաղթահարել դժվարությունները՝ հույս ունենալով, որ կվերադառնան իրենց բնակավայրեր: Կարո Մանճիկյանը թուրքական Վաքըֆ գյուղում գտնվող հայերի մասին տեղեկացրեց, որ նրանցից 84-ամյա մի ծերունի է մահացել և թաղվել այնտեղ:

 

Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: