Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ճանապարհը։ Բողոքի ակցիա իրականացնող բնակիչների խոսքով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած կարկտահարության հետևանքով իրենց տույժը լրիվ չի փոխհատուցվել։ Նրանց պնդմամբ՝ խոշորացված համայնքի ղեկավարը իրենց վնասների մասին ճշգրիտ տվյալներ չի ներկայացրել մարզպետարանին․ կարկուտից ավելի շատ են տուժվել, քան ներկայացվել է։ Համայնքի բնակիչների պահանջն է կրկին ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասաց, որ իր մոտ ընդամենը 3 բնակիչի բողոք-դիմում կա․ «Նրանք բողոքում են, որ իրենց հողատարածքները չեն ընդգրկվել կամ մասնակի են ընդգրկվել փոխհատուցման ցուցակներում։ Սուտ է, որ ես սխալ եմ ներկայացրել մարզպետարանին։ Մի բան էլ ավել ենք հաշվառել, գրել։ Բողոքողներից մեկն օրինական ունի 12,5 հեկտար և՛ սեփականութուն, և՛ վարձակալած, եթե գնացել ուրիշից հող է վերցրել մշակել, դա մեզ մոտ չի երևում, որ տվյալ անձի հողամասը ինքն է մշակում, մենք ի՞նչ անենք։ Թող ժամանակին դիմեին, ասեին՝ ինչո՞ւ եք քիչ գրել»,- ասաց համայնքապետը։
Նրա խոսքով՝ գյուղացիները հիմա են որոշել բողոքի ալիք բարձրացնել, քանի որ փոխհատուցման գործընթացը նոր է սկսվել․ «Առաջին անգամ է, որ պետությունը փոխհատուցում է վնասների համար, երևի գյուղացիները լուրջ չէին վերաբերում, որ այս անգամ կփոխհատուցեն։ Այն ժամանակ, երբ ցուցակները կազմում էինք առհամարհական ասում էին՝ «անտեղի եք ցուցակագրում, մեկ է ոչ մի բան էլ չի լինելու»։ Բայց այս անգամ փոխհատուցվեց։ Բողոքողները դատի են տվել, թող դատական ընթացակարգով գնան, հիմա ի՞նչ են ուզում։ Դատարանը կգտնի Իգիթյանն է սխալ, Իգիթյանը կփոխհատուցի, գտավ՝ վարչական ղեկավարն է, ուրեմն նա կփոխհատուցի, կգտնի՝ մենք ճիշտ ենք, ոչ մի բան էլ չի լինի»,- նշեց նա։
Նա նշեց, որ արձակուրդից այսօր է վերադարձել, վաղը կհանդիպեն բողոքող բնակիչների հետ։
Սոնա Հարությունյան