Լիբանանյան բանակը փետրվարի 9-ի երեկոյան հարձակում է գործել Լիբանանի արևելքում գտնվող Ռաս Բաալբեք և ալ Ֆաքիհա բնակավայրերի մոտ գտնվող զինյալների հավաքատեղիների վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Բանակը վերահսկում է տեղանքը:

 

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, բանակը ռմբակոծել է Ռաս Բաալբեքի և Արսալի, ինչպես նաև Քֆարզապատի բարձունքների «Ջաբհա ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչների հավաքատեղիները: Ծանր զենքերով ռմբակոծության ձայները լսելի են եղել Հյուսիսային Բեքաայի շրջանի գյուղերում: Կանխվել են ահաբեկիչների հարձակում գործելու փորձերը:

 

Օգոստոսից «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպւթյունները հարձակումներ են իրականացնում Սիրիայի հետ սահմանակից Արսալ գյուղաքաղաքի վրա՝ գերի վերցնելով լիբանանցի զինվորների: Որոշ զինվորականներ մինչև այժմ գերի են: