Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Կալամուն շրջանի Մալուլա գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով անվտանգությունը և կայունությունը: Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» կայքը, զինված ընդդիմությունը մեծ վնասներ է հասցրել Մալուլայի եկեղեցիներին և մենաստաններին, ավերել և կողոպտել է դրանք:

 

Սիրիական բանակը Մալուլայում վերահսկողություն հաստատելուց հետո գյուղաքաղաքն սկսել է մաքրել զինյալներից:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակը վերահսկողություն էր հաստատել Սարխա գյուղի վրա, որտեղ հաջողություն գրանցելուց հետո մտել է Մալուլա և գրավել «Սաֆիր» հյուրանոցը: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Զինյալներն սկսել են նահանջել Սարխայից դեպի Լիբանանի սահմանամերձ շրջաններ:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բանակը վերահսկողություն է հաստատել նաև Լաթաքիայի շրջանի Քեսաբ գյուղաքաղաքի արևմտյան հատվածում գտնվող Չալմայի լեռան Ջաբալ Սալ Ռադին գագաթի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:

 

Արդեն մի քանի ամիս Մալուլա գյուղաքաղաքը գտնվում էր զինյալների հսկողության տակ, իսկ Քեսաբի շրջանի վրա զինյալները վերահսկողություն էին հաստատել մարտի 21-ից: