Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված  անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի հումանիտար հետեւանքները։

Նիստում ելույթ է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցների եւ ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել, նշելով, որ նրանց լռության պատճառով վաղը հենց իրենց երեխաներն են ֆոսֆորային զենքի գրոհի ենթարկվելու թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից։ Նաիրա Զոհրաբյանը, նիստին ներկա կին պատգամավորներին հարցրել է՝ ձեզանից որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ի՞նչ է զգում  հայ մայրը, որի որդուն թուրք-ադրբեջանական տեռորիստները խոշտանգում են եւ խոշտանգված նկարը ուղարկում ծնողին։

Իր ելույթում Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է.

«Մինչ մենք ձեզ հետ քննարկում ենք եվրոպական տարբեր օրակարգեր, Արցախում շարունակում են սպանվել երեխաներ ու կանայք, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը շարունակում է ռմբակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ ծննդատներ, մանկապարտեզներ, շարունակում է օգտագործել բոլոր միջազգային կոնվենցիաներով անթույլատրելի զենք։ Մինչ մենք ձեզ հետ հիմա քննարկում ենք այս հիրավի աղետալի պատերազմը, առաջնագծում շարունակում են զոհվել զինվորներ, թուրք-ադրբեջանական ահաբեկչական երկյակը շարունակում է իր զարհուրելի վերաբերմունքը ռազմագերիների հանդեպ։ Ես կարող էի հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի անմարդկային կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։

Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն խոշտանգում են  թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու խոշտանգված որդու նկարը ուղարկում ծնողին։ Ես որեւէ մոր չեմ ցանկանա, որ երբեւէ ապրի այն արհավիրքը, ինչ ապրում են այս օրերին հայ մայրերը։

Հարգելի գործընկերներ, արդեն իսկ բազմաթիվ երկրներ հաստատել են փաստը, որ Ադրբեջանի բանակում կռվում են Թուրքիայի միջոցով Սիրիայից եւ այլ թեժ գոտիներից տեղափոխված զինյալ ահաբեկիչներ։ Հիմա ի՞նչ, մենք  պիտի շարունակենք լռե՞լ։ Լռել, մինչեւ այդ ահաբեկչությունը կհասնի ձեզանից յուրաքանչուրի տանը։ Ահաբեկչության դեմքը մեկն է՝ այն համաշխարհային վտանգ է, որի դեմ կա՛մ մենք միացյալ ուժերով պայքարում եւ հաղթում ենք, կա՛մ պարտվում ենք բոլորս։

Այսօր մեկ բան ակնհայտ է՝ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ ու Արցախն  այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է։ Մեր լռությունը ամեն օրը ահաբեկչության նորանոր օջախներ է ծնելու ու այո, այլեւս հենց ձեր տան շքամուտքին։ Եթե լռում եք, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ուղղակի մասնակցում է այս պատերազմին եւ ղեկավարում է Ադրբեջանի բանակը,  ու եթե ՆԱՏՕ-ն կարծում է, որ ընդամենը կողմերին կրակը դադարեցնելու անդեմ կոչեր անելով ինքը  իր միսիան այլեւս կատարել է, ապա մեծապես սխալվում է։ Եթե միջազգային կառույցները, այդ թվում մեր վեհաժողովը գտնում է, որ կողմերի միջեւ հավասարության նշան դնելով եւ ընդամենը խորը մտահոգության խոսքեր ասելով հետագա պատասխանատվությունից դրանով ապահովագրվում է, կրկին սխալվում եք։  Պաշտպանելով Արցախում ֆոսֆորային քիմիական զենքից տուժած երեխաներին, դուք պաշտպանելու եք ձեր երեխաներին, ինչին Աստված մի արասցե, մի օր, եթե մենք միացյալ ուժերով չխեղդենք միազգային այս ահաբեկչությունը, ենթարկվելու է Եվրոպայում ապրող մեկ այլ երեխա։

Երբեւէ Թուրքիայի որեւէ ղեկավարի խոսք ինձ համար որեւէ արժեք չի ունեցել, սակայն դժվար է չհամաձայնել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ, ով ընդամենը օրերս ասաց՝ «Էրդողանը աշխարհի համար Covid 19-ից վտանգավոր է»։

Մտածեք այդ մասին հարգելի գործընկերներ, մտածեք, քանի դեռ շատ ուշ չէ»։