Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում աննկարագրելի կորուստներ կրելով և ջախջախվելով' Ադրբեջանի իշխանությունների անհաջողությունները չեն ավարտվում: Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է պաշտոնական Բաքուն փոխել իր հռետորաբանությունը և արդեն իսկ խոսում է բանակցությունների անհրաժեշտության մասին: Պատճառներից մեկն էլ այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվում է միջազգային իզգոյի կարգավիճակում: Բոլոր առանցքային միջազգային կառույցները այս օրերին հանդես են գալիս հստակ պրո-հայկական մեսիջներով:
Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող եւ այս հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը քննադատող երկկուսակցական բանաձեւ։Բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ), Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը եւ եւս 32 օրենսդիրներ։ Բանաձեւը Ադրբեջանին դատապարտում է ռազմական գործողությունների հրահրման համար։ Կոնգրեսականները կոչ են արել՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության եւ ապակայունացնող գործողությունների» պատճառով եւ մեջբերում են արել The Guardian-ի տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումը կարող է լինել «կազմակերպված ռազմական գործողության մասը»։
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը հանդես է գալիս հօգուտ Արցախի հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման
ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումի համաձայն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին' կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Հեղինակավոր Amnesty International-ը հայտարարում է՝ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի վերաբերյալ երկու բանաձև է ընդունել։ Բանաձևերից մեկում խորհրդարանը պահանջում է կառավարությունից ՆԱՏՕ-ի խորհրդի միջոցով կոչ անել Թուրքիային չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն անտեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոչերն ու չեն դադարեցնում մարտական գործողությունները։ Երկրորդ բանաձևում խորհրդարանը պահանջում է կառավարությունից ԵԱՀԿ-ի շրջանակում հետաքննել թուրքական վարձկանների՝ ղարաբաղյան գոտի տեղափոխելու հարցը։ Հատկանշական է, որ որպես ապացույց նիդիռլանդացի պատգամավորները հիմնվում են ֆրանսիական ու ռուսական հետախուզության տվյալների վրա։
Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ