12 սպանված մարդ է հայտնաբերվել Կոլումբիայի արևմտյան այն գոտում, որտեղ մի քանի զինված խմբավորումներ են գործում։ Այս մասին հայտնում է Indepaz ոչ կառավարական կազմակերպությունը, որը վերահսկում է ապստամբների, զինյալների և թմրվաճառների առկայությամբ տարածքների իրավիճակը։
«Կաուկա դեպարտամենտի Լոպես դե Միկայի մունիցիպալիտետի գյուղական շրջանում դատաստան է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է հինգ կին և յոթ տղամարդ»,- հայտնել է կազմակերպությունը։
Կոլումբիայի զինված ուժերի տվյալներով, սա հաշվեհարդար էր, որ տեղի է ունեցել լուծարված ապստամբ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր»-ի (FARC) անդամների, Իվան Մորդիսկոյի ղեկավարությամբ ստեղծված զինված խմբի անդամների միջև։ «Հայտնի է թմրանյութերի վերահսկման հարցում եղած ենթադրյալ տարաձայնությունների մասին»,- զինված ուժերի հրամանատար Ֆրանցիսկո Կուբիդեսի խոսքն է մեջբերում Semana ամսագիրը: Ըստ նրա, սպանվածները քաղաքացիական հագուստով են եղել և անզեն։
Ներքին զինված հակամարտությունը Կոլումբիայում սկսվել է անցյալ դարի 60-ական թվականներին և խլել ավելի քան 250 հազար մարդու կյանք։ Մի քանի միլիոն փախստական է դարձել։ 2016 թվականի նոյեմբերի 24-ին Հավանայում Կոլումբիայի կառավարության և FARC-ի ներկայացուցիչները հակամարտությունը դադարեցնելու համաձայնագիր են ստորագրե։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ ապստամբ ստորաբաժանումների զինաթափումից հետո ապստամբների խմբի հիման վրա ստեղծվեց քաղաքական կուսակցություն։ Սակայն հետագայում FARC-ի մարտիկների մի մասը որոշեց վերադառնալ զինված պայքարի։