Սիրիական բանակն «Իսլամական պետությունից» ազատագրել է Թադմուրի մերձակայքում գտնվող վարորդական դպրոցը' ոչնչացնելով այնտեղ մեծ թվով ահաբեկիչների, ինչպես նաև նրանց պատկանող տեխնիկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մինչ այդ սիրիական օդային ուժերը Հոմսի նահանգի արևելյան հատվածներում ռմբակոծել էին ԻՊ-ի թաքստոնցներն ու հավաքատեղիները: Ռմբակոծվել են նաև Թադմուր քաղաքի մոտ ահաբեկիչների դիրքերը:
Բանակը նաև վերահսկողություն է հաստատել Նազալ Հիյալ, Սանիա Ռաջմա տարածքների վրա, որոնք գտնվում են Թադմուր քաղաքի արևմուտքում:
ԻՊ-ն մայիսին վերահսկողություն էր հաստատել Թադմուր քաղաքի վրա: Թադմուրի (Պալմիրա)' բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Քաղաքը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորության վրա: Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: