Սիրիական բանակը փետրվարի 27-ին վերահսկողություն է հաստատել Սուեյդա մարզի Մալահ գյուղաքաղաքի արևելքում գտնվող Թել Մաջդաա կոչվող տեղանքի վրա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակը բախումների ժամանակ լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին, որոնց շարքերում կան սպանվածներ և վիրավորներ:

 

 

Դեր Զոր մարզի Ալ Ջաֆրա գյուղում սիրիական բանակի ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ԻՊ-ի մեծ թվով անդամներ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են նրանց տեխնիկան, զենքերը, զինամթերքը: Բանակն իր հակակշռի տակ է առել Դեր Զոր քաղաքի ալ Ջբեյլա և ալ Սինաա շրջանները:

 

 

Բախումներ են ընթացել նաև Դարաայի մարզի հարավ-արևելքում՝ սիրիա-հորդանանյան սահմանին, Սեմիջ գյուղի շրջակայքում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում կառավարական ուժերի դեմ պայքարում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: