Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում հանդիպել է այնտեղ ապաստան գտած քեսաբահայերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը:
«Քեսաբահայերը ծանր հոգեբանական վիճակում էին և աղերսող աչքերով օգնություն էին խնդրում: Նրանց վիճակն ավելի էր վատացել այն բանից հետո, երբ լուրեր էին լսել իրենց բնակարանների ալան-թալանի մասին»,- նշեց դեսպանը: Նա նաև ավելացրեց, որ, այդուհանդերձ, քեսաբահայերը հույսով և հավատով սպասում են, որ ռազմական գործողությունները կավարտվեն, և իրենք կվերադառնան իրենց բնակավայրերը: Փոլադյանի խոսքով, այժմ թեժ մարտեր են ընթանում, սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի ազատագրել Քեսաբը: Այս պահի դրությամբ քեսաբահայերն ապահովված են սննդամթերքով, ծածկոցներով:
«Շուրջ 703 ընտանիք գաղթել են Քեսաբի մոտ 11 գյուղերից: Գաղթած ընտանիքների մեջ կան նաև հալեպցի փախստականներ: Քեսաբի բնակիչների մի մասն էլ մեկնել է Լիբանան, մյուսներն իրենց ժամանակն անցկացնում են եկեղեցում»,- տեղեկացրեց դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել նաև ազգային իշխանությունների ներկայացուցիչների, նահանգապետարանի, խորհրդարանի անդամների հետ, որոնց ընթացքում բոլորն իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Դեսպանը նաև նշեց, որ խորհրդարանի պատգամավորները Հայաստան կվերադառնան մարտի 28-ին:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ' Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա' տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վա յրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: