Սիրիական բանակը Հասաքե մարզի արևելյան հատվածում վերահսկողություն է հաստատել 16 գյուղերի և ագարակների վրա՝ ոչնչացնելով ԻՊ կազմակերպության մեծ թվով ահաբեկիչների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել ԻՊ-ի դեմ Ղամիշլիի հարավային հատվածներում և վերահսկողություն հաստատել Զարազա, Շամասա, Թել Մուհամմադ, Թաբան, Խալիդ, Հուեյդիք և Աքուլա գյուղերի, ինչպես նաև 9 ագարակների վրա: Բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Ավելի վաղ բանակը ազատագրել էր Հասաքե քաղաքի հարավային հատվածում գտնվող Ուատուատիա, Ջամու, Մազաա Ջամու գյուղերի, ինչպես նաև Բաբ ալ Խեյր գյուղի մի մասը:

 

Բացի այդ, Արևելյան Ղուտայի շրջանում «Իսլամական բանակը» լուրջ կորուստներ է ունեցել: Թեժ բախումներն «Իսլամական բանակի» դեմ շարունակվել են Դումա քաղաքում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Մասնավորապես մեծ կորուստներ են գրանցվել Մայսալուն, Բուրջ ալ Մուալլամին բնակավայրերում, Թուրմա և Քաֆրբատնա գյուղաքաղաքներում:

 

Հալեպում, Հոմսում և Իդիլիբում 137 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին՝ խոստանալով չձեռնարկել հայրենիքի անվտանգությանը սպառնացող քայլեր:

 

Ավելի վաղ «Իսլամական բանակի» ղեկավար Զահրան Ալլուշն, իր կորուստներից զայրացած, սպառնացել էր Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի: Նախօրեին տասնյակ ռումբեր էին ուղղվել մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի ուղղությամբ, որոնց հետևանքով 6 մարդ զոհվել, ևս 53-ը վիրավորվել էին: Վնաս վել էին ավելի քան 15 մեքենաներ, տներ: