Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Զաբադանի քաղաքի արևմտյան հատվածում գտնվող ալ Ջամիյաթ թաղամասի և արևելյան հատվածում գտնվող Սուլթանե թաղամասի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են հուլիսի 5-ի առավոտյան՝ նպատակ հետապնդելով Զաբադանի շրջանը մաքրել ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններից: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել:

 

Ռազմական գործողություններին նաև մասնակցել են սիրիական օդային ուժերը' մեծ վնասներ հասցնելով նրանց:

Ավելի վաղ սիրիական ուժերը Հըզբոլլահի հետ վերահսկողություն էին հաստատել Թել ամրոցի վրա, որը գտնվում է Զաբադանիի արևմուտքում:

 

Սիրիական բանակը Արևելյան Ղուտայում լուրջ վնասներ է հասցրել նաև ահաբեկիչների թաքստոցներին: Ոչնչացվել է պայթուցիկ սարքավորումների արտադրության գործարանը, և արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Բախումներն ընթացել են Այն Թուրամ գյուղաքաղաքում և Ջոբար թաղամասում:

 

Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմական գործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել: