Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների աջակցությամբ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում «Իսլամական պետությունից» ազատագրել են Դիյալա մարզի Ջալուլա և Սաադիա շրջանները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկու շրջանն ամիսներ շարունակ գտնվում էին ԻՊ-ի հսկողության տակ: Բախումների ժամանակ 50 ահաբեկիչ են սպանվել: 2 շրջանները գտնվում են Իրանի սահմանից 50 կմ հեռավորության վրա: Նրանց ազատագրումը հնարավորություն կտա բացելու ճանապարհը Բաղդադի և Խանակինի միջև:

 

Բաղդադի հարավային մի քանի շրջաններ նույնպես ազատագրվել են ԻՊ-ից: Աղբյուրի տեղեկացմամբ, երեք օր շարունակ իրաքյան ուժերն ԻՊ-ից մաքրել են Լուտիֆիա շրջանի գյուղերը և մերձակա տարածքները, մասնավորապես՝ Քիլուաթ, Բուաուսաջ, Սաբահիա, Սուլա շրջանները: Բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ինչպես նաև վնասազերծվել են 23 պայթուցիկ սարքավորումներ, ոչնչացվել են զինյալների 3 թաքստոցներ:

 

Նախորդ 24 ժամվա ընթացքում ԻՊ-ի տասնյակ անդամներ են ձերբակալվել:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: