Սիրիայի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Ադրա քաղաքի վրա ՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակի ստորաբաժանումները քաղաքից մաքրել և վնասազերծել են բոլոր ականները, պայթուցիկ սարքավորումները, որոնք զինյալները տեղադրել էին շենքերի մուտքերում, այգիներում ու հրապարակներում: Զինյալներն ավերել են քաղաքի դպրոցները, մզկիթները, շենքերը:
Քաղաքը գտնվում է Դամասկոս-Հոմս ճանապարհին և կարևոր ռազմավարական նշանակություն ունի:
Հոմսի Թալբիսա քաղաքում ոչնչացվել է զինված խմբավորումների ղեկավարների թաքստոցը: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել նաև Ղաջր գյուղում:
Հալեպի Հանանու, Ռաշիդին, Ջանդուլ, ալ Լիրմուն, Բանի Զեյդ թաղամասերում բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել: Բանակը ավերել է կենտրոնական բանտի մերձակայքում հայտնաբերված թունելը, որի հետևանքով զինյալներ են սպանվել:
Լաթաքիայի հյուսիսում կանխել են զինյալների ներխուժումը ռազմական հենակետ:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը հսկողություն են հաստատել Հանայի Մուրք գյուղի հսկիչ-անցագրային կետի վրա' զինյալների և կառավարական ուժերի հետ թեժ բախումներից հետո: Բախումների հետևանքով կառավարական ուժերի և Հըզբոլլահի անդամներ են զոհվել և վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 3 տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 190 հազարը: