Սիրիական բանակը վերականգնել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Զղարու գյուղի կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև վերահսկողություն է հաստատել Ղազարու լեռան վրա, որը գտնվում է Ռաբիա գյուղի մերձակայքում: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել նրանց պատկանող զենքերը և զինամթերքը: Աղբյուրը տեղեկացնում է, որ Զղարու լեռը կարևոր ռազմավարական նշանակություն ունի և հայտնի է իր Ջաբալ Ալուշ գագաթով: Այս գագաթի վրա հսկողություն հաստատելով՝ փակվել է զինյալների տարածման ճանապարհը: Բանակը նաև իր հսկողության տակ է վերցրել Հալեպ-Լաթաքիա ճանապարհը:

 

Մյուս կողմից սիրիական բանակը կանխել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս զինյալների ներխուժելու փորձը: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Հալեպի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար և այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ:

 

Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ էր ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: