Սիրիական բանակը և զինված ուժերն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում վերականգնել են Հասաքե մարզի Ղամիշլիի Աբու Կասայիբ և Թել Ղազալ գյուղերի անվտանգությունը՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հասաքե մարզից տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ի մեծ կորուստներից հետո մեծ թվով ահաբեկիչներ փախուստի են դիմել:

 

Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել Հասաքեի Շադադա և Աքազ, Թել Համիս գյուղերում:

 

Պայքարը ԻՊ-ի դեմ շարունակվում է նաև Դեր Զորի շրջանում: Հուեյկա, Ռաշիդին, Ջաբալիա, Ռասաֆա, Արաֆի, Սինաա գյուղերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները: Բախումները շարունակվում են Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում:

 

Բացի այդ, Լաթաքիայի հյուսիսային շրջաններում՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում, մասնավորապես Խադրա, Սաուդա, Կալաա, Դուրրա, Ջաբալ Զահիա, Կանտարա գյուղերում ահաբեկիչներ են սպանվել, որոնց մեծամասնությունը արտասահմանցիներ են: Նրանք հիմնականում «Ահրար աշ Շամ», «Անսար աշ Շամ» խմբավորումների անդամներ են:

 

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում ԻՊ-ի 14 անդամ են սպանվել Սուֆիյան թաղամասը գրավելու համար քրդական ուժերի հետ բախումների ժամանակ:

 

Սիրիայում ավելի քան 3,5 տարի կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների միջև բախումների հետևանքով մոտ 200 հազար մարդ է զոհվել: