Սիրիական բանակն ազգային պաշտպանական ուժերի հետ վերահսկողություն է հաստատել Հոմսի արևելքում գտնվող աշ Շաիր դաշտի գազահորերի, ինչպես նաև մերձակայքում գտնվող բլրի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ «Իսլամական պետություն» կազմակերպությունը մեծ վնասներ է կրել: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Հոմսի Թալբիսիա, Զարա գյուղերում տասնյակ զինյալներ են սպանվել:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Հոմսի աշ Շայիր գազային դաշտում բախումների ժամանակ սպանվել է ԻՊ-ի ղեկավարներից Աբու ալ Բարաա ալ Համաուին: Աղբյուրի տեղեկացմամբ, Համայի մարզի Խանիֆիս գյուղում թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինյալների միջև:

 

Դարաայի շրջանում սպանվել է զինված ահաբեկչական խմբավորման ղեկավար Խալիդ Սաբահը: Կանխվել է զինյալների ներխուժումը Օթման գյուղ:

 

Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայում զինյալները լուրջ վնասներ են կրել: Սպանվածների մեծամասնությունը սուդանցիներ, լիբանանցիներ են:

 

Սիրիական իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են 100 հազարից ավելի զինյալներ ավելի քան 80 երկրներից: