Սիրիական բանակը Դեր Զորի մարզում «Իսլամական պետության» հետ բախումների արդյունքում վերահսկողություն է հաստատել Մահսանա շրջանի վրա՝ լուրջ վնասներ հասցնելով ահաբեկիչների հավաքատեղիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բ ախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բախումներ են ընթացել նաև Բուլիլ և Տաբիա գյուղերում, որտեղ նույնպես մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:
ԻՊ-ի հետ բախումներ են ընթացել Հոմսի աշ Շայիր գազային հանքավայրի մերձակայքում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցելով՝ սիրիական բանակը Ռուսթան քաղաքում և Ղաջր Ամիր գյուղում ԻՊ-ի անդամների է ոչնչացրել:
Հալեպի Ջաբալ Սամաան գյուղում սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Աբու Խադիջա ալ Ջոլանին: Նա պատասխանատու էր տասնյակ ահաբեկչությունների համար, որոնք իրականացվել են Հալեպի գյուղերում և գյուղաքաղաքներում:
Սիրիական Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերում հունվարի 26-ին 2 հրթիռ են ընկել, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել, ևս 7 խաղաղ բնակիչներ վիրավորվել են:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է գրեթե 200 հազար մարդ: