Սիրիական բանակն իր դաշնակից ուժերի հետ ընդդիմադիր զինյալներին դուրս է մղել Սիրիայի հարավում՝ Սուեյդա նահանգում գտնվող հենակետից, որը նախորդ օրերին գրավել էին զինյալները: Այս մասին հունիսի 12-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կենտրոնի տեղեկացմամբ, զինյալները հեռացել են Սաալա օդուժի հենակետից: Սիրիական բանակի ռազմական գործողությունները Սուեյդայում օգնել են կանսեցնել ընդդիմադիր զինյալների առաջխաղացումը:

 

 

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ Սաալա օդանավակայանում իրավիճակն այժմ հանգիստ է:

 

 

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակն ավելի վաղ հետ էր մղել ահաբեկիչներին, ովքեր մի քանի անգամ փորձել էին հարձակվել Սաալա օդանավակայանի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 100 զինյալ էին սպանվել:

 

 

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: