Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից Ղարաբաղի հացը դուրս կգա, թե ոչ, պատասխանել է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, և որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն բանակցության կողմ։ Նա նշել է, որ ԼՂ ժողովրդի իրավունքները պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ' միջազգային երաշխավորներով։ Սա հնարավորություն է տալիս, որ ԼՂ ժողովուրդը կարողանա բարձրացնել իրեն հուզող հարցերը»։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մեկնաբանելով Փաշինյանի ասածը, նշեց, որ այս հայտարարությունը վերջինիս առաջին ու վերջին անտրամաբանական, հիմար ձևակերպումը չէ․

«Հայաստանը երեսուն տարի եղել է Արցախի անվտանգության կուռ երաշխավորը, իսկ հիմա, այս իշխանության հանցավոր քաղաքական գործունեության հետևանքով, դադարել է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, և հիմա էլ Արցախին և Արցախի ժողովրդին մղում է Ադրբեջանի գիրկը, կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, որը, ի վերջո, հանգեցնելու է ցեղասպանության և էթնիկ զտման»,-ասաց Գեղամյանը։

Պատգամավորի խոսքով' Հայաստանը չի կարող և իրավունք էլ չունի Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգից դուրս մղել Արցախի հարցը․

«Իշխանությունների քարոզած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ամենասկզբից Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշած մի քանի սկզբունքներին նա ավելացրել է նաև Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ բանակցելու հարցը, որը հաջորդ երկու տարիներին շատ խորհրդավոր կերպով մոռացվեց իշխանությունների կողմից և ընդհանրապես դուրս մղվեց քննարկումների օրակարգից»։

Լիլիթ Զալիբեկյան