Սիրիական բանակը հայտարարել է, որ Դարաայի մարզում տեղի ունեցած բախումների արդյունքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ավելի քան 20 անդամներ են սպանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներն ընթացել են Շեյխ Մասքին գյուղում, որը գտնվում է Դարաա քաղաքից 22 կմ հեռավորության վրա: 23 սպանվածների թվում է եղել նաև ծայրահեղական խմբավորման ղեկավարը:
Տասնյակ զինյալներ սպանվել են Իդլիբի գյուղերում: Կանխվել է Ջաբալ Արաբին շրջանի ռազմակետի վրա զինյալների հարձակումը:
Դամասկոսի Ջոբար թաղամասում զինյալների թաքստոց է ոչնչացվել: Բախումներ են ընթացել Այն Թուրմա, Հազզա գյուղաքաղաքներում, որտեղ ավելի քան 20 զինյալներ են սպանվել: Եվս 14 զինյալ սպանվել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքում:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:
Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավել քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ: