Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորման ավելի քան 20 անդամ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծվել է երկրի հյուսիսում գտնվող Ռակկա քաղաքը, որը համարվում է ԻԼԻՊ-ի գլխավոր հենակետը: Տեղեկություններ կան, որ, նաև մեծ թվով զինյալներ վիրավորվել են, ոչնչացվել է նրանց պատկանող 14 տանկ: Օդուժը նաև ռմբակոծել է Ռակկա քաղաքի զինյալների ռազմական վարժանքների վայրը:

 

Մյուս կողմից, սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իդլիբի մարզում 55 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Բացի այդ, ևս 139 զինյալներ Հոմսում հանձնվել են իշխանություններին:

 

Ավելի վաղ «Իսլամական բանակ» խմբավորումը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի հետ թեժ մարտերից հետո իր հսկողության տակ է վերցրել Մասրաբա գյուղը, որը գտնվում է Դամասկոսի մերձակայքում: Մյուս կողմից, քրդական ուժերը հայտարարել են, որ ԻԼԻՊ խմբավորման ավելի քան 35 անդամներ են սպանվել Հալեպի Քուբանի շրջանում տեղի ոնւեցած մարտերի ժամանակ: Տեղեկություններ կան նաև, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի «Մաշա» դպրոցի վրա: