Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ հոկտեմբերի 6-ին Սալահ ադ Դին և Անբար մարզերում ԻԼԻՊ-ի 29 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են Ռամադի քաղաքի արևմտյան հատվածները ԻԼԻՊ-ի դիրք երի ուղղությամբ: Միևնույն ժամանակ իրաքյան բանակի և ԻԼԻՊ-ի միջև բախումներ են տեղի ունեցել Ռամադի քաղաքի Տուի ալ Բուրիշա շրջանում, որի հետևանքով 17 ահաբեկիչներ են սպանվել:
Սալահ ադ Դին մարզից տեղեկություններ են ստացվել, որ անվտանգության ուժերը հարձակում են գործել Համրա գյուղի մերձակայքում ԻԼԻՊ-ի դիրքերի վրա: Օդային ուժերի հարվածների օգնությամբ սպանվել են 12 ահաբեկիչներ, այրվել է նրանց զրահապատ մեքենան:
ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ծախսերը գերազանցել են 1,1 միլիարդ դոլարը: ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն օգոստոսի 8-ից օդային հարվածներ են ուղղել Իրաքի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ իրենց աջակցում են ավելի քան 50 երկրներ: