Իրաքի ռազմական հետախուզության համակարգը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման 127 անդամ է սպանվել տարբեր շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալներից 20-ը սպանվել են Թիրքիթ քաղաքում: Ոչնչացվել են նաև նրանց պատկանող 2 մե քենաները:
Իրաքյան օդային ուժերը ռազմական հետախուզության հետ համագործակցության արդյունքում Բաբելոն մարզի հյուսիսում, ինչպես նաև Ֆալլուջա քաղաքի արևելքում և Բաղդադի հյուսիսում ԻԼԻՊ-ի 96 անդամ և 10 մեքենա են ոչնչացրել:
Ավելի վաղ ԻԼԻՊ-ը, որը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլում, տեղի քրիստոնյա բնակիչներին կոչ է արել կամ ընդունել իսլամ, կամ' մեռնել: Այդ առիթով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Մոսուլի քրիստոյաները կարող են բնակություն հաստատել իր երկրում: Մոսուլի հազարավոր բնակիչներ ստիպված հեռացել են քաղաքից:
ԻԼԻՊ-ի զինյալները պայթեցրել են Մուսուլում գտնվող Ս. Հոգի կամ «Նավու» եկեղեցին: Նրանք եկեղեցում և պատերի տակ մեծ քանակությամբ ականներ են տեղադրել, ապա իրենց մեքենաներով շրջելով փողոցներում՝ ժողովրդին կոչ են արել ներկա գտնվել եկեղեցու պայթեցմանը, որը պետք է տեղի ունենար արշալույսին, իսկ իրենց բնակարաններից դուրս գալ չկարողացող տարեցներին հորդորել են բացել պատուհանները և տեսնել ծուխը, որ պետք է բարձրանար: