Իրաքյան Նինվե մարզի աղբյուրները հաստատել են, որ «Իսլամական պետության» ավելի քան 35 ահաբեկիչ են սպանվել, տասնյակ վիրավորներ են գրանցվել հորդանանյան օդային ուժերի' Մոսուլի ուղղությամբ իրականացրած ռմբակոծության հետևանքով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներն ուղղվել են ահաբեկչական կազմակերպության հավաքատեղիներին՝ այդպիսով հաջողություններ գրանցելով հարձակման մեջ:

 

Հորդանանյան ուժերը փետրվարի 5-ի ուշ երեկոյան առաջին անգամ ռազմական գործողություններ են իրականացրել են Մոսուլում ԻՊ-ի նկատմամբ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հորդանանյան օդուժը ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

 

Հորդանանը հայտարարել է, որ դա ԻՊ-ի գործողությունների դեմ իրենց պատասխան քայլերի միայն սկիզբն է:

 

ԻՊ-ն փետրվարի 3-ին համացանցում տեղադրել էր հորդանանցի օդաչուի սպանության տեսանյութը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան գերի էր ընկել ահաբեկիչների մոտ դեկտեմբերի 24-ին, երբ ահաբեկիչները Ռակկայում խոցել էին Հորդանանին պատկանող ինքնաթիռը: Օդաչուին ողջակիզել էին: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան առաջին օդաչուն էր, որ գերի էր ընկել ահաբեկիչներին: Դեկտեմբերի 30-ին Հորդանանը դադարեցրել էր ԻՊ-ի դեմ իր մասնակցությունը միջազգային կոալիցիայի հետ ռազմական գործողություններին: