Դամասկոսի մերձակայքում գտնվող Դարաա շրջանում սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը հարձակում է գործել «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության թաքստոցի վրա՝ ոչնչացնելով ավելի քան 40 ահաբեկչի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ավելի քան 15 ահաբեկիչ սպավել են Շեյխ Միսքին գյուղաքաղաքում, ոչնչացվել են նրանց զինապահեստը, տարբեր տեսակի զենքեր:

 

Գյուղաքաղաքում տարածված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները հարձակումներ էին իրականցնում բնակիչների վրա, թալանում և ոչնչացնում նրանց ունեցվածքը: Միևնույն ժամանակ 25 ահաբեկիչ սպանվել են Դարաա քաղաքի մերձակայքում գտնվող Մազիրիբ գյուղաքաղաքում: Այն գտնվում է Հորդանանի սահմանի մերձակայքում, որտեղից սիրիական տարածք են թափանցում օտարազգի ահաբեկիչները:

 

Ահաբեկիչների հետ բախումներ են ընթացել նաև Դարաա քաղաքի Բահար թաղամասում, որտեղ կազմակերպության տասնյակ անդամներ են սպանվել:

 

Սիրիական բանակը Կալամունի շրջանում ծայրահեղական խմբավորման տասնյակ անդամներ է ոչնչացրել, ոչնչացվել են նաև նրանց զենքերը: Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Խան Շեյխ թաղամասում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Սպանվածների մեծամասնությունն արտասահմանցիներ են:

 

«Իսլամական պետության» դեմ բախումենրի ժամանակ Դեր Զորի մարզի ալ Մայադին քաղաքում 24 ահաբեկիչ են սպանվել:

 

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարի ավելի զինյալներ: