Թիքրիթ քաղաքի ազատագրման մարտերում ոչնչացվել են «Իսլամական պետության» ավելի քան 130 ահաբեկիչ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Անբարի նահանգապետ Ահմադ ալ Ջիբուրին՝ ավելացնելով, որ իրաքյան ուժերն ահաբեկիչներին վռնդելուց հետո ահաբեկիչների թաքստոցներ են հայտնաբերել:

 

 

Նա նաև տեղեկացրել է, որ անվտանգության ուժերը զբաղվում են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքավորումներ վնասազերծելու գործողություններով, որոնք ահաբեկիչները թողել են Թիքրիթում: Նահանգապետը նշել է, որ պայթուցիկ սարքավորումների առկայությունը բնակիչներին թույլ չի տալիս վերադառնալ իրենց տները:

 

 

Թիքրիթ քաղաքն ահաբեկիչներից ազատագրվել է մարտի 31-ին թեժ մարտերի արդյունքում: Քաղաքում հայտնաբերվել են ահաբեկիչներին կողմից սպանված ավելի քան 12 զանգվածային գերեզման:

Թիքրիթ քաղաքի ազատագրումից հետո իրաքյան ուժերը մասշտաբային ռազմական գործողություններ են սկսել Անբարի մարզում:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: