Նախորդ 24 ժամվա ընթացքում Իրաքում ցամաքային և օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» ավելի քան 47 ահաբեկիչներ են սպանվել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Մոսուլում Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության պատասխանատու Սայիդ Մամուզինին հայտարարել է, որ Սինջար քաղաքի արևմտյան հատվածում օդային հարվածների հետևանքով 21 ահաբեկիչներ են սպանվել: Ոչնչացվել են կազմակերպությանը պատկանող վեց փոխադրամիջոցներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենքեր են վնասվել: Եվս ութ ահաբեկիչներ սպանվել են Անբարի նահնագում: Տասնյակից ավելի ահաբեկիչներ են սպանվել նաև Բայջիում, Թիրքիթում:

 

 

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, ԻՊ-ն Մոսուլի 55 բնակիչների է սպանել, որոնց թվում եղել են անվտանգության աշխատակիցներ: Նրանք մեղադրվել են իրաքյան ուժերի հետ համագործակցության մեջ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիս արևելքում՝ Շաաբ շրջանում, ականապատ մեքենայի պայքյունից նախնական տեղեկություններով հինգ զոհ և յոթ վիրավոր է արձանագրվել:

 

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են ապստամբներ 80 երկրից: