«Իսլամական պետության» ծայրահեղականները Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 100 ասորիների են սպանել: Այս մասին տեղեկացրել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռիդուր Խալիլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով' ԻՊ-ի հերթական հանցա գործությունները տեղի են ունեցել Հորմուզ գյուղում: «Ապստամբները հաշվեհադարդար են տեսել խաղաղ բնակիչների հետ այն պատճառով, որ վերջին շրջանում վնասներ են կրել Ալ Ջազիրա շրջանում»,- նշել է Ռիդուր Խալիլը:
Քրդական ուժերի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այժմ բախումներ են ընթանում Թել Խամիսա բնակավայրի համար, որտեղ գտնվում է ԻՊ-ի խոշորագույն հենակետը: Այնտեղից կազմակերպության մոջահեդները փախուստի են դիմում իրաքյան տարածքներ:
Նա նաև նշել է, որ ԻՊ-ի ձեռքերում են գտնվում 298 քրիստոնյաներ: «Ծայրահեղականների հարձակման հետևանքով դատարկվել են 38 գյուղեր, որտեղ այրվել են տներ, դպրոցներ, եկեղեցիներ: Շուրջ 5 հազար փախստականներ ապաստան են գտել Հասաքե, Ղամիլշի և Դերբասիա գյուղերում»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ բոլոր գյուղերն անխտիր կազատագրվեն ահաբեկիչներից, և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:
Փետրվարի 24-ի գիշերը «Իսլամական պետությունը» հարձակվել է ասորական գյուղերի վրա, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը: