Թուրքիայի ռազմական ու լոգիստիկ օգնությունը գլխավոր գործոնն էր՝ օգնելու ահաբեկիչներին, որպեսզի նրանք հսկողություն հաստատեն Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը՝ շվեդական «Expre ssen» թերթին տված հարցազրույցում: Նա նաև ավելացրել է, որ «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները Թուրքիայի կառավարության և նրա հատուկ ծառայությունների հետ հանդես են եկել որպես միասնական բանակ:

 

«Քաղաքի զինված ընդդիմադիրների ձեռքում հայտնվելուն օգնել է նաև ֆինանսական աջակցությունը, որն իրականացնում են Սաուդյան Արաբիան և Կատարը»,- նշել է Ասադը:

 

Նա ասել է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և այն համարել է միջազգային խնդիր:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սիրիական բանակը չի թուլացել հակամարտության ընթացքում, Ասադն ընդգծել է, թե բնական է, որ ցանկացած պատերազմում բանակի կթուլանա՝ ավելացնելով, որ պատերազմը թուլացնում է հասարակությունը, տնտեսությունը, ինչպես նաև բանակը՝ որպես հասարակության մաս:

 

Մոսկվայում կայացած բանացկությունների մասին Ասադը նշել է, որ հնարավոր է եղել առաջին անգամ համաձայնության գալ որոշ սկզբունքների շուրջ: Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը պետք է լինի ավելի արդյունավետ:

 

Սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի արևելքում և հյուսիսում գտնվող տարածքների մեծ մասը հայտնվել են զինված ընդդիմադիրների հսկողության տակ: Իդլիբ քաղաքը, որ հայտնվել է զինյալների հսկողության տակ, գտնվում է Թուրքիայի սահմանի մերձակայքում: