«Իրաքի և Լևանտի իսլամական պետության»՝ ԻԼԻՊ խմբավորման անդամները հայտարարել են, որ խմբավորումը հսկողություն է հաստատել Սիրիայի արևելքում գտնվող նավթային ամենամեծ բազայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մինչ այդ 2013թ.-ից նավթաբազան հայտնվել էր «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հսկողության տակ կառավարական ուժերի հետ թեժ բախումներից հետո: Աղբյուրի տեղեկացմամբ' նավթաբազան գտնվում է Դեր Զորի Մայադին քաղաքի հյուսիս-արևելքում՝ Բուսեյրա գյուղաքաղաքի արևելքում: ԻԼԻՊ խմբավորումն այնտեղ հսկողություն է հաստատել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման նահանջելուց հետո առանց բախումների:

 

Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացրել էր, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը մտել է Դեր Զորի հարավ-արևմուտքում գտնվող Մայադին քաղաքը, ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական խմբավորումների անդամներին: Խմբավորումը հսկողություն էր հաստատել նաև Դեր Զորի արևելքում գտնվող գյուղերից մեկի վրա:

 

ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն: 2014թ.-ի փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական: