ԻԼԻՊ կազմակերպությունը հոկտեմբերի 5-ին վերահսկողություն է հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող բլրի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպության ակտիվիստները տեղեկացրել են, որ բլուրը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան հատվածում:
Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում գտնվող ԻԼԻՊ-ի 7 դիրքերի ուղղությամբ: Քրդական ուժերը նույնպես հնարավոր ամեն ինչ ձեռնարկում են՝ կասեցնելու ահաբեկիչների առաջխաղացումը: Քրդերի խոսքով' ԻԼԻՊ-ը ռմբակոծում է Թել Միսթանուրա բնակավայրը՝ փորձելով հասնել քաղաքին:
Ավելի քան 2 շաբաթ ԻԼԻՊ-ը փորձում է իր հսկողության տակ վերցնել Այն ալ Արաբ քաղաքը: Վերջին շրջանում իսլամիստները 3 կողմից շրջափակել են քաղաքը և աստիճանաբար սեղմում են շրջափակված օղակը՝ փորձելով ամբողջովին վերահսկողություն հաստատել այնտեղ: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում գրավել է Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղեր: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: