«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հունիսի 15-ին վերահսկողություն է հաստատել Թալաֆար քաղաքի վրա, որը գտնվում է Իրաքի հյուսիս-արևմուտքում: Ականատեսների խոսքով' քաղաքը զինյալների ձեռքում հայտնվել է թեժ մարտերից և երկու կողմերի մեծ զոհերից հետո: Քաղաքի տասնյակ շիա ընտանիքներ փախուստի են դիմել դեպի արևմուտք, իսկ սուննիները՝ դեպի արևելք: Տեղեկություններ կան նաև, որ կառավարական ուժերն օդային հարձակումներ են իրականացրել ԴԱԻՇ-ի հենակետերի ուղղությամբ:

 

ԴԱԻՇ խմբավորումը նպատակադրվել է իր իշխանությունն ամրապնդել երկրի հյուսիսում և սպառնում է բաժանել Իրաքը:

 

Թալաֆար քաղաքը գտնվում է Մոսուլ քաղաքի արևմուտքում, որը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ էր անցել հունիսի 10-ին: Թալաֆարի բնակիչների մեծամասնությունը թուրքմեններ են և խոսում են թուրքերեն: