Եմենում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը ապրիլի 17-ին վերահսկողություն է հաստատել Հադրամաութ մարզի ալ Շիհր նավթային տերմինալի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տերմինալը հսկող զինվորները դիմադրություն ցույց չեն տվել:
ՄԱԿ-ը կոչ է ուղղել միջազգային հանրությանը 273.7 միլիոն դոլար հատկացնել Եմենի կարիքավոր բնակիչներին առաջիկա ամսվա ընթացքում:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը տեղեկացրել է, որ 150 հազար մարդ հեռացել են իրենց տներից, ինչը 50 տոկոսով գերազանցում է ՄԱԿ-ի հրապարակած նախորդ ցուցանիշը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումն ապրիլի 16-ին գրավել է Եմենի Հադրամաութ մարզի ալ Մուկալլա քաղաքի օդանավակայանը: Ահաբեկիչները գրեթե առանց դիմադրության գրավել են օդանավակայանը, երբ այն հսկող բանակի ստորաբաժանումները հեռացել են իրենց դիրքերից:
Եմենում ստեղծված լարված իրավիճակից օգտվում են «Ալ Կաիդա»-ի ահաբակեիչները և հարձակումներ իրականացնում:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ,սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ: Եմենի նախագահին օգնելու նպատակով Սաուդյան Արաբիան մարտի 26-ի ռազմական մասշտաբային գործողություններ է սկսել շիա ապստամբների դեմ: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահր եյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: