Շիա ապստամբներն ապրիլի 2-ին հսկողություն են հաստատել Ադենում նախագահական նստավայրի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, բանակի ստորաբաժանումներին, որոնք աջակցում են շիաներին, հաջողվել է գրավել նախագահական նստավայրը նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիների հետ թեժ բախումներից հետո: Բախումները դեռ շարունակվում են նախագահա կան նստավայրի մերձակայքում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ադենում այսօր զոհվել է 44 մարդ:

 

 

Չնայած Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններին, շիաները ոչ միայն չեն հանձնվում, այլև շարունակում են հարձակումներ իրականացնել երկրի տարբեր շրջաններում: Շիա ապստամբները նաև հարձակվել են սաուդական մարտական դիրքի վրա, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև:

 

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ շիաները նահանջել են Ադենի կենտրոնական շրջաններից:

 

 

Ապրիլի 2-ի գիշերն ապստամբները հարձակվել և թալանել են Ադենում Ռուսաստանի հյուպատոսարանը: Հյուպատոսարանի աշխատակիցներն Ադենից տեղափոխվել են Ջիբուտի: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վնասվել է Սաուդյան Արաբիայի ռմբակոծության հետևանքով:

 

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: