«Իսլամական պետությունն» ապրիլի 14-ին հսկողություն է հաստատել Թիքրիթ քաղաքի հյուսիսում գտնվող Բայջի նավթավերամշակման գործարանի մի մասի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ամերիկյան բանակը տեղեկացրել է, որ միջազգային դաշինքն ապրիլի 13-ին Սիրիայում և Իրաքում 17 օդային հարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին: Սիրիայում օդային հարվածներն ուղղվել են Քոբանի քաղաքի մերձակայքում, իսկ Իրաքում՝ Բայջի, Հուեյջա, Ռամադի, Սինջար, Թելաֆար բնակավայրերի ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը համացանցում տարածել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են միջազգային դաշինքի ուժերը ոչնչացնում Թելաֆարի մերձակայքում ԻՊ-ի ռազմական մեքենան:
Միջազգային դաշինքի երկրների կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկրներ, որոնցից 12-ը մասնակցում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին: ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գորողոծություններ սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից:
Իրաքում ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդերլանդները, Ֆրանսիան, իսկ Սիրիայում՝ Բեհրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն և Սաուդայն Արաբիան:
ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: