«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ խմբավորումն իր հսկողության տակ է վերցրել Սիրիայի Դեր Զոր մարզի մեծ մասը, որը գտնվում է Իրաքի սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Ջազիրա» կայքը, մինչ ինչ այդ տեղեկություններ էին հաղորդվել, որ ԻԼԻՊ-ը «Ջաբհա ան Նուսրայի» նահանջելուց հետո գրավել է Սիրիայի ամենամեծ նավթային բազաներից մեկը: Այսպիսով՝ ԻԼԻՊ-ի գրաված տարածքները Իրաքի հյուսիսային շրջաններից ձգվում են դեպի Դեր Զոր և Ռակկա, ինչպես նաև Հասաքեի հարավային հատվածներ՝ հասնելով մինչև Հալեպի արևելյան շրջաններ:
Նախօրեին տեղեկություններ էին ստացվել նաև այն մասին, որ ԻԼԻՊ-ը Դեր Զոր մարզի գյուղեր է գրավել:
ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սունի իսլամական պետություն: Խմբավորումը Աբու Բաքր ալ Բաղդադիին առաջարկել է դառնալ իսլամական պետության ղեկավարը, և նա համաձայնել է: 2014թ.-ի փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական: