«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամները նշել են, որ նոյեմբերի 3-ին հսկողություն են հաստատել Սիրիայի Հոմսի մարզի գազի հանքադաշտի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոց ները, սա մեկ շաբաթվա ընթացքում ԻՊ-ի գրաված գազի երկրորդ հանքադաշտն է, որի վրա կազմակերպությունը հսկողություն է հաստատել կառավարական ուժերի հետ պայքարելուց հետո:

 

Այն լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է ԻՊ-ի դրոշը: Կազմակերպությունը հսկողություն է հաստատել Հաջար գյուղի վրա: Հոկտեմբերի 30-ին ԻՊ-ն գրավել էր Սիրիայի գազի ամենամեծ' Աշ Շաիր հանքադաշտը:

 

Սակայն, մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ Մահր, ալ Ջեզալ և Աշ Շաիր նավթային և գազային հանքավայրերի մոտ շարունակված բախումների արդյունքում բանակն ազատագրել է Հաջար և Ջաբալ աշ Շաիր շրջանները, որտեղ ոչնչացվել են ԻՊ-ի տասնյակ անդամներ:

 

Մյուս կողմից, «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը հսկողություն է հաստատել Իդլիբի շրջանի Ջաբալ ազ Զաուիա բնակավայրի վրա. այն գտնվում էր ազատ բանակի կողքին կռվող խմբավորման ձեռքում, և գյուղն իսլամիստներին հանձնվել է առանց կռվի:

 

ԻՊ-ն հսկողություն է հաստատել սիրիական տարածքների մեկ երրորդի վրա:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

 

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է' պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ: